Հանգստյան օրերին կայացան «Եվրո-2016»-ի ընտրականի խմբային հերթական հանդիպումները: Հայ մարզասերը, բնականաբար, առանձնակի հետաքրքրությամբ էր սպասում մեր հավաքականի խաղին (I խումբ), որքան էլ որ այդ նույն խմբայինում այն տաքուկ ու անպատվաբեր ծվարել է վերջին հորիզոնականում:
Որ Եվրոպայի բրազիլացիների ընտրանին նախկին տարիների փայլն ու շուքը չունի, եկեք մեր փխրուն ուսերի համար լրացուցիչ բեռ չսարքենք, ոչ էլ առանձնապես վշտանանք, որ մեկ դերասանի թատրոն է: Եթե այդպես էլ է, եկեք ճշմարտության աչքերին պարզ նայենք՝ ազնվորեն խոստովանելով, որ այդ մեկը բեկ է, ով իր այդպիսին լինելը լրացուցիչ անգամ հաստատեց մեզ գոլ խփելով ու իր թիմին այնքան անհրաժեշտ երեք միավոր բերելով: Ռոնալդուի գոլը մեկ այլ արժեք էլ ուներ. այն ֆուտբոլիստի համար Եվրոպայի առաջնություններում թվով քսաներեքերորդն էր. ասել է թե՝ ռեկորդային: Որքան էլ պորտուգալացին մեծ ֆուտբոլիստ է, այդուհանդերձ նա այն գինը չէր, որով արժեր պատմություն մտնել: Ինչ վերաբերում է խաղին, տպավորություն էր, թե գնդակը հրե գունդ էր ու կարող էր մոխրաթաղ անել մեր ֆուտբոլիստներին, ու զուտ շառից-փորձանքից հեռու լինելու մարդու հոգեբանությամբ էին ջանում վայրկյան առաջ ազատվել դրանից: Եթե ուշադիր չեք եղել, կարող եք խաղի տեսագրությունը դիտել ու համոզվել, որ մի ձեռքի մատներն էլ լիուլի բավարար են հաշվելու համար, թե մերոնք որքան անգամ են երեքից ավելի փոխանցում կատարել: Եթե նման բանը ֆուտբոլ խաղալ է կոչվում, կներեք, այլևս ասելու բան չունեմ: Իսկ այն, որ առանձին դեմքեր մեր խաղացողի (անունը տալն իմաստ չունի) կոպիտ վրիպումն առնվազն տարօրինակ են համարում, հասկանալ կարելի է, քանզի չեն էլ կարող երևակայել, թե ուրիշ ինչի են ունակ հայկական ֆուտբոլի հովանավորյալներն իրենց հովանավորներով, թեպետ Բեռնար Շալանդին պեղելն ու հավաքականի գլխին կանգնեցնելն արդեն ամեն ինչի մասին խոսում է (հիշում եք, չէ՞, ինչպես էին գլուխ գովում սույնին քառասունինը մարզչի միջից ջոկել-գտնելու իրենց հերոսական ջանքերի մասին): Լավ, կարող եք ու միանգամայն իրավունք ունեք հարցնելու՝ բա հայկական ֆուտբոլի համար փրկության դուռ չկա՞: Կա՛: Մեր հավաքականի միակ փրկությունը իռացիոնալ մտածողություն ունեցող պարապ գլուխներից ազատվելու, դրսում խաղացող Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, Արազ Օզբիլիսի որակներն ունեցող տղաներ փնտրել-գտնելու, նրանց լավ մարզավիճակի մեջ է, ու մեզ ոչինչ չի մնում, քան այդ հույսով ապրելը: Ինչ վերաբերում է մեր խմբի մյուս հանդիպումներին, Դանիան սերբերին հաղթեց 3:1 հաշվով ու չորս խաղից հետո վեց միավորով գլխավորում է աղյուսակը: Վեց միավոր ունի Պորտուգալիան, չորսը՝ Ալբանիան, որը խմբայինից ազատված Ֆրանսիայի ընտրանու հետ հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Մերոնց ունեցածը, ինչպես և սերբերինը, մեկ միավոր է:
Արդ՝ խիստ համառոտ տեսնենք, թե ինչ զարգացումներ են եղել մնացած խմբերում:
D խմբի առաջատար Լեհաստանի հավաքականը թեթև ճամփորդություն ունեցավ (4:0) մեր հարևան Վրաստանով: Նույնպիսի արդյունք գրանցվեց և Գերմանիա-Ջիբրալթար հանդիպումում: Կելտական երկու ընտրանիների՝ Շոտլանդիայի ու Իռլանդիայի դիմակայությունն ավարտվեց առաջինի հաղթանակով (1:0): Այստեղ վերջին երեք ընտրանիներն ունեն յոթական միավոր, լեհերը՝ երեքով ավելի:
F-ում 2:0 հաշվով հաղթելով ինը միավոր ունեցող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին՝ ռումինացիները մեկ միավորով շրջանցեցին նրան: Տանտերերի համար հաղթական էր նաև Հունգարիա-Ֆինլանդիա դիմակայությունը՝ 1:0: Հունգարացիների ակտիվում է յոթ միավոր: Խմբում անակնկալի հեղինակ դարձան Ֆարերյան կղզու ներկայացուցիչները՝ արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով հույների նկատմամբ:
C խմբում շարունակում է իր լուրջ հավակնությունները հաստատել Սլովակիայի ընտրանին, որի առաջ, սեփական հարկի տակ, ծնկեցին մակեդոնացիները՝ 2:0: Հաղթանակները ձեռքից բաց չթողեցին նաև Իսպանիայի ու ՈՒկրաինայի հավաքականները՝ նույն 3:0 հաշվով պարտության մատնելով Բելառուսի և Լյուքսեմբուրգի ընտրանիներին ու ինը միավորով շարունակելով հետապնդել երեք միավորի գերազանցություն ունեցող սլովակներին:
E խմբում շարունակում են անպարտ ելույթների շարքն անգլիացիները: Հաղթանակը Սլովենիայի հավաքականի նկատմամբ ավելի քան համոզիչ էր՝ 3:1: Չափազանց թույլ մեկնարկած Շվեյցարիայի ընտրանին Լիտվայի հետ խաղում միայն երկրորդ խաղակեսին հիշեց, որ ֆուտբոլը գեղեցիկ է գոլերով: 4:0 հաշվով հաղթանակը նրա միավորների թիվը հասցրեց վեցի՝ ճիշտ այնքան, որքան ունեն Սլովենիայի ու նրա օրվա մրցակից հավաքականները:
Սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասնելով ռուսների նկատմամբ՝ G խմբում տասը միավորով առաջատարը շարունակում են մնալ ավստրիացիները: Մեկի փոխարեն երեքով կարող էին ռուսներից առաջ պոկված լինել երկրորդ հորիզոնականում ամրապնդված շվեդները, սակայն չեռնոգորցիները կարողացան հավասարեցնել հաշիվն ու միավոր պոկել՝ 1:1: Ռուսաստանի հավաքականի պես նրանք ևս ունեն հինգ միավոր:
A խումբը ներկայացնող Չեխիայի ու Իսլանդիայի ընտրանիների հանդիպումում կողմերից մեկի հաղթանակը կարող էր բացահայտել խմբի միանձնյա առաջատարին: Հիշեցնենք, որ երեք խաղից հետո երկուսն էլ ունեին միավորների առավելագույն քանակ: Չեխերն այդ խաղում առավել հաջողակ եղան ու հանդիպումը շահեցին 2:1 հաշվով: Նման ելքը որոշակիորեն ձեռնտու էր հոլանդացիներին, ովքեր իրենց հերթին հաղթանակով ավարտեցին հանդիպումը Լիտվայի ընտրանու հետ և ունեցած վեց միավորով արդեն այնքան էլ հեռու չեն իսլանդացիներից: Այստեղ հաղթանակի բերկրանքը ճաշակեց նաև Թուրքիայի ընտրանին (սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության են մատնել ղազախներին), սակայն նրանց ունեցած չորս միավորը չափազանց թույլ բազա է հեռուն տանող ծրագրերի իրականացման համար:
H խմբում նույնպես առաջատարները երկուսն էին՝ երեք խաղից հետո իննական միավոր ունեցող իտալացիներն ու հորվաթները: Այստեղ կողմերը փոխանակել են մեկական գնդակ ու այդպես էլ բաժանվել: Ի դեպ, խաղն Իտալիայում սուր բնույթ է կրել նաև մարզասերների անվայել պահվածքի պատճառով: Մրցավարը հարկադրված է եղել երկու անգամ հանդիպումն ընդհատել, քանի որ վայ-ֆուտբոլասերները բառիս բուն իմաստով կրակածխախեղդ են արել մարզադաշտը: Առաջատարների ոչ-ոքին ի նպաստ է եղել նորվեգացիներին, ովքեր Ադրբեջանից վերադարձել են երեք միավոր վաստակած ու ներկայումս ինը միավորով խմբում երրորդն են:
Երկու խաղից հետո չորս միավոր ունեցող Բելգիայի ընտրանին (B խումբ) հյուրընկալելիս չկարողացավ կոտրել խմբի առաջատար ուելսցիների դիմադրությունը (0:0), ինչը չափից ավելի շահավետ եղավ սեփական հարկի տակ Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն ընդունած ու 3:0 հաշվով հաղթած իսրայելցիների համար, ովքեր երեք խաղից հետո ինը միավոր արդեն ունեն: Տասներկու հնարավորից ութ միավոր ունեցող ՈՒելսը երկրորդն է, երրորդը Անդորային հինգ անպատասխան գնդակով պարտության մատնած կիպրոսցիներն են (վեց միավոր):
Ընդհանուր գծերով ահա այսպիսին էին եվրոպական հավաքականների հերթական հանդիպումները, որոնք, եթե շատ բաներ էլ ճշտեցին, մի այդքան էլ խճճեցին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ